Գայանե Մանուկյան (լրագրող, հաղորդավարուհի) . ‹‹ Ես վստահ եմ, որ շատ դեպքերում հայրենիքից դուրս ավելի օգտակար կարող ես լինել…››:

-Ո՞վ էր Գայանե Մանուկյանը Հայաստանում:

-Գայանե Մանուկյանը Հայաստանում նույն այսօրվա Գայանե Մանուկյանն էր` բացառությամբ ձեռք բերված ու կորցրած որոշ որակների, որոնք պայմանավորված են զուտ հասունանալու և շատ երևույթների այլ կերպ վերաբերվելու հետ: Տասը տարի առաջ ես առողջ ամբիցիաներով, բայց արդարության ու ժուռնալիստիկայի վերաբերյալ Դոն  Քիշոտի միամտությամբ վարակված մի աղջիկ էի, համենայնդեպս, ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետից այդպիսին էի իրականություն մտել: Սիրում էի այն միջավայրը, որտեղ ‹‹աճում էի››, սակայն նաև չէի գտնում ինձ այնտեղ, քանի որ բախվում էի հակատիպ իրականությանը հետ:

-Ինչո՞ւ մեկնեցիք Մոսկվա:

-Երևի թե,  մեկնելուս պատճառներից հիմնականը հենց միջավայրում առողջ ամբիցիաները իրականցնելու հնարավորության բացակայությունն էր: Մոսկվան ինձ թվում էր մեծ ու ահարկու մի փորձաշրջան, որը կտար այդ հնարավորութունը: Մոսկվան մեծ համարձակություն էր, մեծ հանդգնություն, բայց նաև փորձառություն այն առումով , որ ինքս էի որոշում, թե ինչ ճանապարհով գտնեմ ինձ:

-Ինչո՞ւ թողեցիք մոդելային կարիերան:

-«Մոդելային կարիերա» արտահայտությունն արդեն իսկ չափից շատ բարձրագոչ է հնչում երևանյան իրականության համար: Նման կարիերա անհնար է Հայաստանում, քանի դեռ չկան այդ բիզնես ոլորտը կերտող ու պայամանավորող հիմնական սկզբունքներն ու ամենակարևորը` մենթալիտետը: Ամեն մի զբաղմունք պետք է դրդապատճառ ունենա , իսկ մոդելային բիզնեսը` նաև տրաբանական անկում: Ես այդ անկումը համարեցի իմ հասուն տարիքն ու ավելի օգտակար գործունեություն վարելու առողջ ցանկությունն ու պատրաստակամությունը: Մոդելային նախագծերը, որոնցում ես կայի, միջանցիկ բնույթ էին կրում: Երբեք չեի ձգտում այդ նախագծերից ստանալ ավելին, քան կարող էր տալ այդ ոլորտը:

Ասում են երկար ժամանակ զբաղվել եք նկարչությամբ, ինչո՞ւ չգնացիք այդ ուղիով:

– Երբեք չեմ դադարել, մինչ օրս էլ զբաղվում եմ նկարչությամբ: Դա հենց այն զբաղմունքներից է, որ չի պահանջում ո՛չ տարիքային սահմանափակում, և ո՛չ էլ` դրդապատճառ: Ինչպես նաև երաժշտությունը, որը նույնպես չեմ թողել.. դրանք դեղահաբեր են, որոնք փորձում են կտրել քեզ քաոսից և տեղափոխում են իմ սիրելի ներաշխարհը:

-Արդյոք Ձեզ Մոսկվան գրկաբաց ընդունեց, թե՞ կային խոչընդոտներ:

-Մոսկվան երբեք գրկաբաց չի ընդունում: Ավելին, ինչպես հայտնի ֆիլն է վերնագրված, երբեք արցունքներին էլ չի հավատում: Այնպես որ ինձ սպասվում էին մեծ խոչընդոտներ, որոնք բաց ճակատով պիտի հաղթահարեի, քանի որ ինքս էի հանձն առել այդ փորձությունը: Չեմ կարող ասել, որ սիրում եմ Մոսկվան, պարզապես սիրում եմ այն փորձը, որ այստեղ ստացել եմ: Կոփվել եմ այստեղ:

Կարելի է ասել, որ Դուք Հայաստանից նեղացած գնացիք:

-Իհարկե` ոչ: Ինչպես կարելի է նեղանալ ծնողներից: Ես վստահ եմ, որ շատ դեպքերում հայրենիքից դուրս ավելի օգտակար կարող ես լինել հայրենիքիդ համար:

Ո՞րն է Գայանե Մանուկյանի համար ընտանիքի ‹‹իդեալական մոդելը›› :

-Ընտանիքի դասական կամ իդեալական մոդել չկա: Ամեն ոք փորձում է ստեղծել այն ընտանիքը, որտեղ նա հնարավորինս երջանիկ կլինի: Ես երազում եմ ունենալ այնպիսի ընտանիք, ինչպիսին ստեղծել են իմ ծնողները` հիմնված սիրո, փոխադարձ հարգանքի և միմյանց հետ ընկերներ լինելու պայմանով:

-Մի քանի տարի հետո, պատկերացնում ե՞ք Ձեզ գործունեություն ծավալելիս Հայաստանում:

-Անգամ հիմա եմ ես ինձ պատկերացնում Հայաստանում, ինչու չէ, պարզապես դեռ չեմ պլանավորում, քանի որ ծնողներս Մոսկվայում են , իսկ ես այնտեղ եմ, որտեղ նրանք: Բացի այդ, այս տարի նախատեսում եմ մեկնել ԱՄՆ ‹‹New York Film Academy››– ում սովորելու: Հետո միայն , հնարավոր է վերադառնամ: Վստահ եմ, որ հիմա դեռ ժամանակը չէ Հայաստանում գործունեություն ծավալելու: Հուսով եմ կգա այդ ժամանակը և շատ շուտով…

Կարդալ նաև` Ինչո՞ւ Հայաստանից հեռացավ Հովհաննես Բաբախանյանը

Leave a comment