Archives

Ադոնիս

Բայց Նարգիզին այդպես դաժանորեն պատժող աստվածուհին էլ գիտեր, թե ինչ է սիրո տառապանքը: Նրան վիճակվեց ողբալ իր սիրելի Ադոնիսին:

Աֆրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն` Ադոնիսին: Մահկանուցիներից ոչ ոք չէր կարող հավասարվել նրան գեղեցկությամբ, նա մինչև իսկ օլիմպիացի աստվածներից էլ գեղեցիկ էր: Հանուն նրա Աֆրոդիտեն մոռացության տվեց և՛ Պոնտոսը, և՛ ծաղկուն Կիթերան: Ադոնիսը նրա սրտին ավելի մոտ էր, քան նույնիսկ լուսավոր Օլիմպոսը: Նա ամբողջ ժամանակ Ադոնիսի հետ էր: Ադոնսի հետ Կիպրոսի լեռներում ու անտառներում որս էր անում նա` Արտեմիս դիցուհու նման: Մոռացության մատնեց Աֆրոդիտեն և´ իր ոսկեղեն զարդարանքները և՛ իր գեղեցկությունը: Այրող արևի տակ, թե ամպամած եղանակին, նա նապաստակներ, երկչոտ եղջերուներ ու այծամներ էր որսում` խուսափելով ահեղ առյուծների, արջի ու վարազների որսից: Նա Ադոնսին էլ խնդրում էր խուսափել ահեղ առյուծներից, արջից ու վարազներից, որպեսզի հանկարծ դժբախտություն չպատահի:

Աստվածուհին հազվադեպ էր մենակ թողնում արքայազնին, իսկ մենակ թողնելիս էլ ամեն անգամ աղաչում էր, որ չմոռանա իր խնդրանքը:

Մի անգամ էլ, Աֆրոդիտեի բացակայության ժամանակ, Ադոնիսի շները որսի պահին ընկան մի վիթխարի վարազի հետքի վրա: Նրանք քշեցին գազանին ու գազազած հաչոցներով հալածեցին նրան: Ադոնիսն ուրախացավ, որ այդքան հարուստ որս պիտի ունենա. չէր զգում, որ դա իր վերջին որսն է:  Շների հաչոցը գնալով մոտենում էր, ահա երևաց ահագին վարազը թփերի արանքում: Ադոնիսը հենց այն է ուզում էր խոցել կատաղած վարազին, երբ հանկարծ վարազը նետվեց նրա վրա և իր սուր սայր ժանիքներով մի ակնթարթի մեջ մահացու վիրավորեց Աֆրոդիտեի սիրեցյալին:

Եվ մեռավ Ադոնիսը այդ ահավոր վերքից: Երբ Աֆրոդիտեն առավ Ադոնիսի մահվան լուրը, լցվեց անասելի վշտով, ինքը եկավ Կիպրոսի լեռները` գտնելու սիրած պատանու դին:

Լեռնային կտրուկ զառիվայրներում, մթամած կիրճերի միջով, խորունկ անդունդների եզրերով գնում էր Աֆրոդիտեն: Սրածայր քարերն ու տատասկների փշերը արյունոտում էին աստվածուհու քնքուծ ոտքերը: Արյան կաթիլները ցողվում էին գետնին` հետք թողնելով նրա անցած բոլոր վայրերում:

Ի վերջո, գտավ Աֆրոդիտեն իր սիրեցյալի դին: Դառնագին լացեց նա այդքան վաղամեռ գեղեցիկ պատանու վրա:

Եվ որպեսզի մշտապես պահպանվի Ադոնիսի հիշատակը, աստվածուհին կամեցավ, որ նրա արյունից քնքուշ հողմածաղիկներ բուսնեն: Իսկ այն վայրերում, ուր արյունն է կաթել Աֆրոդիտեի վիրավորված ոտքերից փարթամ վարդեր բուսնեցին` շառագույն, ինչպես աստվածուհու արյունը:

Գթաց ամպրոպային Զևսը սիրո աստվածուհուն: Հրաման արձակեց իր եղբայր Հադեսին ու նրա կնոջը` Պերսեփոնեյին, որ ամեն տարի Ադոնսիսն բաց թողնեն երկիր` մեռյալների ստվերների թախծալի թագավորությունից: Այդ ժամանակից ի վեր Ադոնիսը կես տարի մնում է Հադեսի թագավորությունում, իսկ կես տարի ապրում երկրի երեսին Աֆրոդիտե աստվածուհու հետ: Ցնծում է բովանդակ բնությունը, երբ երկիր, դեպի արևի վառվռուն ճառագայթներն է վերադառնում ոսկեշող Աֆրոդիտեի գեղեցիկ սիրեցյալը` պատանի Ադոնիսը:

Վարդավառ ♥

Վարդավառն է և ArmLadies-ն առաջարկում է ծանոթանալ Հայոց Դիցարանի Սիրո Աստվածուհու  ♥ պատմությանը…

Վարդավառ

Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում: Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող  Արածանի գետում: Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝  Մշո դաշտ: Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է,  Վահագն աստծո սիրեցյալը: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի  ԱՇտիշատավանում  էր: Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին: Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում:

Ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք դառնում են տգեղ ու դժնակ։ Բայց, Վահագնը հաղթելով վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։ Վարդավառը Հայոց աշխարհում անցնում է մեծ շուքով։ Դա հայերի ամենասիրված տոներից է։ Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկության են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում նորոգ սիրո խորհրդանիշ ծաղիկը՝ Վարդը։

Երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհին, դրանք աննկատելիորեն քսվում էին հայ աղջիկներին և նրանց օժտում աստվածային գեղեցկությամբ։

Հ.գ. Վարդավառը նաև խնձորի տոնն է

Վարդավառը նաև խնձորի տոն էր: Առհասարակ, Վարդավառի սեղաններին առատ է եղել միրգը: Ժողովուրդը տոնը կոչում էր երբեմն ՙխնձորի պաս՚: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Այս սովորույթը ուղեկցվել է որոշ ծեսով: Շատախում երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին սարքում, մեկը մյուսից մեծ: Մութն ընկնելուն պես վառում էին դեզերը: Ծեսը տևում էր մինչև լուսաբաց: Լուսաբացին կրակի շեղջի մեջ խնձոր էին խորովում և ուտում: Խարույկի շուրջ տոնախմբությունն ուղեկցվում էր երգով, պարով, խաղով ու խնդությամբ: